BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Սարսափելի տարածք մխրճվեցի. այդ տարածքում խոսում էին նույնիսկ քարերը»

«Սարսափելի տարածք մխրճվեցի. այդ տարածքում խոսում էին նույնիսկ քարերը»
11.12.2015 | 00:13

1988 թվական: Երկու սարի արանքում ծվարած փոքրիկ գյուղը խեղդվում է փոշու մեջ: Երկրաշարժի արհավիրքից ողջ են մնացել միայն ծերունին և իր թոռը: «Հիշո՞ւմ ես, որ մեզ հյուր էիր գալիս,- հարցնում է փոքրիկ տղան:- Իսկ ես քեզ հյուր եկա ու բանտարկվեցի»: Ծերունին փորձում է ավերակներից դուրս բերել թոռանը: Ամեն ջանքի հետ մարում է երեխային փրկելու հույսը: Արման Չիլինգարյանի «Եվ յոթերորդ օրը...» գեղարվեստական կինոնկարը նվիրված է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ֆիլմը մի մարդու պատմություն է, որն ամեն ինչ կորցրել է, բայց վատագույնից խուսափելու համար ուժ է առնում իր սեփական անհուսությունից։ Միջազգային պրեմիերան կայացել է 2015-ի սեպտեմբերին Անապայում անցկացվող ամենամյա «Կինոշոկ» միջազգային փառատոնում` ընդգրկվելով ԱՊՀ և մերձբալթյան երկրների տասը լավագույն ֆիլմերի ցանկում: «Եվ յոթերորդ օրը...» Հայաստանում էկրան բարձրացավ դեկտեմբերի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ ԱՐՄԱՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆՆ ասաց, որ հայաստանյան ցուցադրությունը նախատեսել էին հենց երկրաշարժի օրը` ի հիշատակ արհավիրքի զոհ դարձած մեր հայրենակիցների:
Սցենարն իրական հիմք ունի: Ռեժիսորն այն լսել է երկրաշարժից հետո, երբ 13 տարեկան էր, ու երկար տարիներ չի կարողացել ազատվել այդ պատմությունից: Հետագայում, Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն դասընթացներ հաճախելիս, պատմել է այդ մասին ուսուցչներին: «Եթե մի բան քեզ 15-20 տարի հանգիստ չի տալիս, միգուցե անդրադառնաս, ձերբազատվես` պատմելով ուրիշներին»,- խորհուրդ են տվել կինոյի վարպետները:
Անդրադառնալով ֆիլմի ստեղծման պատմությանը, Արման Չիլինգարյանն ասաց, որ նախագիծը կյանքի է կոչվել 2010-ին։ Նկարահանումները սկսվել են 2013-ին` Գյումրիից 22 կմ հեռավորությամբ գտնվող Աղին գյուղում, որտեղ դեռ պահպանվել են երկրաշարժի պատկերները: Դժվարությունները շատ էին, բյուջեն` փոքր, ուստի և մեծ ցանկություն էր պետք ֆիլմը հանդիսատեսին հասցնելու համար: Շատերն են օգնել ստեղծագործական խմբին` մշակույթի, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ազգային կինոկենտրոնը, նաև անհատ անձինք: Նկարահանումների ժամանակ Աղինում բնակվել է մոտ 5 ընտանիք, որովհետև մեծամասնությունը տեղափոխվել է ապրելու Նոր Աղին: Գյուղի վերջին բնակիչները պատրաստակամություն են հայտնել` մնալ-օգնելու նկարահանող խմբին: Այդպես էլ արել են: Նոր բնակավայր են մեկնել նկարահանումների ավարտի հաջորդ օրը:
Այս ֆիլմն ունի նաև իր թալիսմանի պատմությունը: «Նկարահանումների հրապարակում մեր դիմահարդարը ցեխի մեջ գտավ 88 թվականի հինգկոպեկանոց: Ես սնահավատ չեմ: Բայց դա ասես նշան էր վերևից, որ մենք ճիշտ գործ ենք անում: Հինգկոպեկանոցը դարձավ թալիսման, ու մինչ օրս ինձ մոտ է»,- ասաց Արման Չիլինգարյանը:
«Եվ յոթերորդ օրը...» ռեժիսորի դեբյուտային լիամետրաժ աշխատանքն է: Նա նշեց, որ ֆիլմի սցենարը պատրաստ էր 2010-ին` պայմանական «88» վերնագրով: Բայց հետագա տարիներին բազմիցս փոփոխվել է: Կինոնախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում նրան օգնել են հայ գործընկերները, ինչպես նաև ռուսական կինոյի վարպետներ Պավել Ֆիննը, Վլադիմիր Ֆենչենկոն և Վլադիմիր Խոտինենկոն:
«Եվ յոթերորդ օրը...» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերակատարը ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆՆ է: Սակայն ֆիլմի սցենարը ի սկզբանե գրվել է Սոս Սարգսյանի համար: Վարպետի մահից հետո ռեժիսորը սկսել է փնտրել նոր դերասանի: Հարկ էր հաշտվել անսպասելի կորստի հետ, նոր ընտրություն կատարել, և ըստ այդմ` փոփոխել սցենարը: Գլխավոր դերի ստանձնումը հեշտ չէր նաև դերասանի համար:

«Մեծ վարպետներին փոխարինելը վտանգավոր է,- ասաց նա:- Երկրաշարժի թեմային անդրադառնալը կրկնակի պատասխանատվություն է: Սարսափելի տարածք մխրճվեցի: Այդ տարածքում խոսում էին նույնիսկ քարերը: Քարը հզորագույն հիշողություն ունի, անկախ նրանից` երկրաշարժից հետո կանցնի 10, 50, թե 100 տարի, միևնույն է, տեղանքը, որ տեսել է այդ ավերը, չի կարող ազդեցություն չունենալ»: Դերասանը նշեց նաև, որ երկրաշարժի ծանր հետևանքները 27 տարի անց էլ մեզ հանգիստ չեն տալիս: Մանավանդ, երբ Շիրակ գնալիս տեսնում է տնակների մեջ ապրող մարդկանց, ոտքերը թուլանում են: Բայց ֆիլմը ոչ միայն երկրաշարժ ապրած մարդու ողբերգության, այլ «7-րդ օրվա», ասել է` վերապրելու ուժի մասին է: Վերնագրի բազմակետն էլ պատահական չէ: Հանդիսատեսին մտորելու, սեփական եզրակացությունն անելու հնարավորություն է տալիս:
Հարց է առաջանում` ինչպե՞ս է կատարվել փոշու, ավերակների տակ մաքառող հերոսի ընտրությունը: Ֆիլմի փոքրիկ դերակատարին` Բենիամին Աթանեսյանին, գտել են երկար փնտրտուքից հետո: Ման են եկել հեռվում, գտել մոտ` ընկերներից մեկի տանը: «Հետաքրքիր տղա էր, իր առջև դրված խնդիրները մեծ սիրով կատարում էր»,- փաստեց ռեժիսորը:
Իր տպավորությունների մասին խոսեց նաև գլխավոր օպերատոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, առաջնահերթ նկատելով, որ հայաստանյան շուկայում աղավաղված է «գեղարվեստական ֆիլմ» հասկացությունը: «Ասում ենք` կինո ենք նկարահանել, բայց դա կինո չէ: Ինձ համար հաճելի էր աշխատելը, որովհետև «Եվ յոթերորդ օրը...» գեղարվեստական ֆիլմ է»: Օպերատորի կատարած աշխատանքին և «օպերատորական կինո» հասկացությանը նա այլ կերպ է նայում: Ասաց, որ ֆիլմը պետք է նախ լավ դրամատուրգիա ունենա (ինչը խնդիր է այսօր Հայաստանում), նոր միայն կոլեկտիվ աշխատանքի արդյունքում կյանքի կոչվի:
Հավանաբար գարնանը «Եվ յոթերորդ օրը...» կմտնի կինովարձույթ: Մինչ այդ փառատոնային ճանապարհ կանցնի: «Ֆիլմը զուտ հայկական է, բայց մեզ ասում էին` ձեր սելն ավելի հետաքրքիր է, քան իրենց «Մերսեդեսը»: Հիմա կարծում եմ, որ մեր սելը կդնեն իրենց «Մերսեդեսի» կողքին, ու ավելի հետաքրքիր կլինի այդ սելը նայելը»,- ասաց Արման Չիլինգարյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1501

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ